⠀⠀«Թերթելով Սյունիքի պատմությունը»

⠀նախագծով «Զանգեզուր» թերթի 1934-2000թթ. արխիվի թղթային արտադրանքը թվայնացվել է, որով հնարավորություն է ստեղծվել ոչ միայն հանրային տիրույթում պահպանել Սյունիքի պատմությանը վերաբերող կարևոր տեղեկություններ, մշակութային, տնտեսական, ժողովրդագրական, պատմական արժեքավոր նշանակություն ունեցող նյութեր, լուսանկարներ, այլև որոնման համակարգով գտնել փնտրվող տեղեկատվությունը։

⠀Թվայնացված նյութերն այլևս հասանելի են հետազոտողների, պատմաբանների, դասախոսների, փորձագետների, լրագրողների, հասարակության լայն շրջանակների համար:

⠀ Արխիվում պահպանված են փաստեր, իրադարձություններ, վիճակագրական տեղեկությունների մեծ բազա, որոնք կարող են օգտակար լինել Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող մասնագետների համար։ Բազմաթիվ նյութեր ներկայացնում են հատկապես վիճարկելի այնպիսի տարածքների մասին տեղեկություններ, որոնք այսօր արդեն վերահսկվում են Ադրբեջանի կողմից։ Բազմաթիվ գրավոր նյութեր կան, որոնք կարող են նպաստել տարբեր հարցերի ապացուցմանը, հաստատմանը կամ ժխտմանը։ Հատկապես կարևոր են Արցախյան առաջին պատերազմի օրերին Արցախի տարբեր շրջաններից հարկադրաբար տեղահանված մարդկանց պատմությունները, տեղահանման մասին լուսանկարները, որոնք հաստատում են բռնի տեղահանման փաստի շարունակականությունը։ Ուսումնասիրության առումով հետաքրքրական են, որ այդ ժամանակահատվածում թիկունքն ապրում էր կրկնակի բեռի տակ, հատկապես Գորիսի սահմանամերձ գյուղերը ռմբակոծություններին զուգահեռ ապաստան էին տալիս տեղահանվածներին։ Չկար աջակցություն պետական կառույցների կողմից, առհասարակ, տեղահանվածներին աջակցելու քաղաքականություն չկար։ Միջազգային հանրությունը մասնակից չէր ոչ հումանիտար աջակցության կազմակերպմանը, ոչ էլ անդրադառնում էր հակամարտության կարգավորմանը։ Չէին գործում հասարակական կազմակերպություններ։ Այս նյութերը ևս կարևոր հետազոտությունների առարկա կարող են լինել, օրինակ այն առումով, թե մեր օրերում ինչպիսի մեծ ազդեցություն ունեն տարբեր կառույցները հակամարտությունից տուժած մարդկանց կյանքի որակը բարելավելու վրա։

⠀Թվայնացված նյութերն արժեքավոր տեղեկություններ են պարունակում նաև մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից, ինչպես, օրինակ, խոսքի ազատության առումով, երբ որպես խոսքի ազատության իրավունքի խախտում կիրառվում էր այսպես ասած՝ մարդուն ձայնազուրկ անելու «պատիժը»։

⠀Հատկապես կարևոր են Ստալինյան բռնաճնշումների մասին նյութերը, որոնք բացի վիճակագրական փաստերից, նաև ներկայացնում են մարդուն պարսավելու, պիտակավորելու, անհանդուրժողականության մասին։

Արխիվում կարևոր նյութեր կան ավանդական գյուղատնտեսության, օրինակ, շերամապահության մասին, որոնք այսօր ևս կարող են կիրառելի լինել։ Նաև բնական ռեսուրսների օգտագործման առումով ևս հետաքրքիր տեղեկություններ են առկա։

⠀Մշակույթի ոլորտին առնչվող հետաքրքրական տեղեկություններ ևս պահպանվել են։ Երեսունականների վերջին խոսվում է ինքնագործ խմբերի, թատերական բեմադրությունների, իսկ ավելի ուշ՝ նաև կինոյի կարևորության մասին։ Անգամ բեմադրվող ներկայացումների թեմատիկան առանձին ուսումնասիրության է արժանի։

⠀Արխիվը կարող է օգտակար լինել մարդաբանության, ժողովրդագրության ուսումնասիրության համար։ Կարևոր է, որ տարբեր թեմաներում առկա տեղեկություններն առաջին աղբյուր են (խոսքը մասնավորապես, վերաբերում է տեղական թեմաներին), և դրանց հետևում կոնկրետ մարդիկ են։

⠀Ուսումնասիրության բազմաթիվ նյութեր կան ժամանակաշրջանի գրական ժառանգության առումով՝ ժանրից, լեզվից, ոճից մինչև նշանավոր գրողների առաջին ստեղծագործություններ։